2017-ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5123.1 մլն կվտ/ժ էլեկտրական էներգիա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 6.6 տոկոս: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփելով աշխատանքային մեկ տարին, ասել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։
«Արտահանումը նույնպես աճել է: 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին էլեկտրական էներգիայի արտահանումը կազմել է 954.9 մլն կվտ/ժ, նախորդ տարվա 868.7 մլն կվտ/ժ-ի դիմաց։ Աճը կազմել է 9.9 տոկոս», - ասել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։
Արտադրությունից, արտահանումից բացի աճել է նաև էլեկտրական էներգիայի սպառումը։
2017-ի ութ ամսվա ընթացքում ներքին շուկայում էլեկտրական էներգիայի սպառումը կազմել է 4117.6 մլն կվտ/ժ, նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 7.2 տոկոս։
«Բնական գազի ներկրումը նույնպես նախորդ տարվա հունվար-օգոստոս ամիսների համեմատ աճել է՝ կազմելով 24.7 տոկոս», - տեղեկացրել է Աշոտ Մանուկյանը։
Նախարարն անդրադարձել է նաև էլէներգիայի սակագներին՝ պատասխանելովայն հարցին, թե առաջիկայում հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի սակագների իջեցում։
Նա նշել է, որ եթե կառավարությունը կամ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունը միջամտի սակագների ձևավորմանը, կխաթարվեն տնտեսական քաղաքականության հիմքերը: Նրա խոսքով, այդ պատճառով է կառավարությունն անկախ մարմին ստեղծել՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ «Հարցի վերջնական պատասխանը կտա այդ հանձնաժողովը», - ասել է Աշոտ Մանուկյանը՝
Թանկացման համար էլ, ըստ նախարարի, հիմքեր չկան։ «Սակագների բարձրացման համար առաջիկայում նախապայմաններ չեմ տեսնում», - նշել է Աշոտ Մանուկյանը։