20 հոկտեմբերի 2017 - 14:31 AMT
Ղազախստանցի բլոգերի խորհուրդը հայրենակիցներին՝ հաջորդ արձակուրդը ՀՀ-ում անցկացնել

Ղազախստանցիները շատ քիչ բան գիտեն Հայաստանի մասին՝ շատ պահանջված է Վրաստանը, իսկ հարևան Հայաստանը տևական ժամանակ ստվերում է մնացել գրագետ գովազդի բացակայության պատճառով: Այս մասին գրում է հայտնի բլոգեր և ճանապարհորդ Մաքսիմ Գրինկևիչը՝ հորդորելով ղազախստանցի զբոսաշրջիկներին հաջորդ արձակուրդն անպայման Հայաստանում անցկացնել:

«Հեռավոր երկրներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկները ղազախներից լավ գիտեն, թե ինչ կարելի տեսնել այդ երկրում: Այս աշնանն ինձ բախտ վիճակվեց լինել Հայաստանում՝ այնտեղ տեսնելու շատ բան կա, բացի այդ կան բազում պատճառներ հաջորդ արձակուրդն այդ երկրում անցկացնելու համար: Այդ փոքր երկիրը հարուստ է պատմությամբ և մշակույթով, տեսարժան վայրերով ու խոհանոցով: Իսկ տեղաբնակները միշտ պատրաստ են ներկայացնել երկիրը»,-գրել է Գրինկևիչն իր հոդվածում, որը հրապարակվել է Informburo.kz-ում:

Ըստ նրա, հայերը շատ բարեհամբույր և բարի մարդիկ են՝ միշտ պատրաստ օգնելու:

«Երևանը եվրոպական քաղաք է հիշեցնում, երեկոյան զբոսանքներով, հարմարավետ ռեստորաններով և տարբեր կողմերից հնչող երաժշտությամբ: Չկա ոչ մի քրեական լարվածություն, ոչ մի անսթափ մարդ փողոցներում: Իսկ շուրջբոլորն ուղղակի տարածված է արվեստը՝ կան նույնիսկ հատուկ պուրակներ, որտեղ հավաքվում են երաժիշտներն ու նկարիչները»,-գրում է հեղինակը:

Միևնույն ժամանակ Գրինկևիչը նշում է, որ հայերի հետ խոսակցություններում ավելի լավ է խուսափել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների մասին հարցերից:

Հեղինակը նշում է, որ նույնիսկ անհավատ մարդը չի կարող անտարբեր մնալ գեղատեսիլ վայրերում գտնվող հայկական վանքերի ու եկեղեցիների հանդեպ: Նա հավելում է, որ եզակի է նաև բնությունը՝ լեռները, խորհրդավոր քարանձավները, և, անշուշտ, ցնցող Սևանը:

Բլոգերն անդրադառնում է նաև հայկական խոհանոցին՝ խորհուրդ տալով անպայման փորձել խորովածը, շատ համեղ դոլման, ինչպես մսով, այնպես էլ պասուց և հնագույն բաղադրատոմսով պատրաաստված ուդոլին, համտեսել սպասը: Նա գրում է նաև հայկական գինիների ու կոնյակի մասին:

«Անպայման այցելելք այդ գեղեցիկ ու հինավուրց երկիրը և անպայման գոհ կմնաք հանգստից: Աշխատեք մեկ շաբաթից ավելի ժամանակ ունենալ, քանի որ տեսարժան վայրերից շատերը հեռու են գտնվում և հարկ է մեքենայով հասնել այնտեղ: Բայց հոգ չէ՝ ճանապարհները լավն են, վարորդները հմուտ, նշանակում է՝ ամեն ինչ կստացվի»,-ասվում է հոդվածում: