16 փետրվարի 2008 - 13:49 AMT
ԱՄՆ Կոնգրեսականները զգուշացնում են Քոնդոլիզա Ռայսին Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգի մասին
ԱՄՆ 52 կոնգրեսականներ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, որտեղ տեղեկացնում են Ադրբեջանի կողմից Ղարաբաղում պատերազմը վերսկսելու սպառնալիքների մասին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնաժողովը (ANCA), նամակի նախաձեռնողները ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգն ու Ֆրենկ Փալոնեն են: Կոնգրեսականները նշում են, որ պաշտոնական Բաքուն խարխլում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ուղղված ԱՄՆ վարչակազմի ջանքերը: «Ադրբեջանը արդեն տարիներ շարունակ պատերազմով սպառնում է Հայաստանին: Սակայն, վերջին հայտարարությունները, որ արվել են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ապացուցում են, որ հռետորությունը վերածվել է շատ իրական եւ վտանգավոր սպառնալիքի»,-նշվում է ԱՄՆ պետքարտուղարին ուղղված նամակում:

Փետրվարի 15-ին Կոնգրեսում տարածվել է նաեւ Աջակցման խմբի նամակը, որով առաջարկվում է նշել Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման 20-ամյակը: «Որպես ամերիկացիներ մենք գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության խիզախությունը ժողովրդավարությանը սատարելու եւ ժողովրդական շարժման առաջացման գործում, որը տարածվեց ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետություններում եւ Վարշավյան պայմանագրի երկրներում: Մենք գտնում ենք, որ այդ շարժումը ոչ միայն ազատություն բերեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, այլ նաեւ իր ներդրումն ունեցավ աշխարհի անվտանգության ապահովման գործում: Դիմագրավելով ագրեսիային, շրջափակմանը եւ այլ մարտահրավերներին Ղարաբաղի ժողովուրդը ժողովրդավարություն էր կառուցում, նպաստում էր շուկայական տնտեսության հաստատմանը եւ կառուցողական դիրքերից համագործակցում էր միջազգային հանրության հետ տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ համագործակցության նպատակով»,-ընդգծվում է նամակում: