21 հոկտեմբերի 2017 - 15:14 AMT
Երևանից աղբավայր է տեղափոխվել մոտ 335 տոննա աղբ

Համապետական շաբաթօրյակի շրջանակում Երևանում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում կատարվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ: Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել մոտ 335 տոննա աղբ:

Ընդհանուր առմամբ համաքաղաքային շաբաթօրյակին մասնակցել է մոտ 16.400 մարդ: Մասնակիցներն ապահովված են եղել սանմաքրման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել 85 միավոր տարբեր նշանակության տեխնիկա:

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակա կառույցների, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցների, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամների, ուսանողների և բնակիչների ջանքերով պատշաճ տեսքի են բերվել մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, հասարակական կառույցները և հանրային օգտագործման այլ տարածքներ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Համապետական շաբաթօրյակի ընթացքում Երևանի Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում իրականացվել են մեծածավալ սանմաքրման աշխատանքներ: