23 հոկտեմբերի 2017 - 14:36 AMT
Շարմազանով. 2018-ից հետո էլ առաջնորդը լինելու է Սերժ Սարգսյանը

Հանրապետականների համար կա մեկ առաջնորդ` դա Սերժ Սարգսյանն է: Այդ մասին հայտարարել է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Կիրակնօրյա վերլուծականի» հետ զրույցում:

Շարմազանովն ասել է, որ 2018-ից հետո էլ Հանրապետական կուսակցության առաջնորդը լինելու է Սերժ Սարգսյանը։ «Ի՞նչ կարգավիճակով, որտե՞ղ, կքննարկի կուսակցության հետ՝ մենք կքննարկենք և ապրիլից հետո կներկայացնենք: Սերժ Սարգսյանը Հանրապետականի անբեկանելի առաջնորդն է»,-ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

ՀՀԿ փոխնախագահը հավելել է, որ երկրի ղեկը պառլամենտական համակարգում լինում է ոչ թե մեկ հոգու ձեռքում, այլ կուսակցությունների ձեռքում՝ այն կուսակցությունների, որոնք ստացել են մեծամասնություն, և այս իմաստով՝ նախագահական և խորհրդարանական համակարգերը տարբեր են։ Նա նաշել է նաև, որ այն, որ «պարոն նախագահը քաղաքական մեծամասնության առաջնորդ է, դա որևէ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի»:

«2018 թվականի հետ կապված, օրը կգա՝ բարին հետը, մենք կներկայացնենք, բայց ուղղակիորեն զուգահեռներ անցկացնել նախագահական և պառլամենտական համակարգերի միջև՝ անշնորհակալ գործ է»,-ասել է նա։