Լրամշակումների փուլում գտնվող Աշխատանքային նոր օրենսգիրքը մի շարք վտանգներ ունի փոքր գործատուների մոտ աշխատողների համար:
Օրենքի նախագծում ընդգրկված «գերփոքր ձեռնարկատիրություններ» գործատուի նոր կարգավիճակը թույլ կտա փոքր գործատուներին չընդունել ներքին իրավական ակտեր: Նախագծի համաձայն՝ գերփոքր են համարվում այն ձեռնարկությունները, որտեղ աշխատողների միջին թիվը 6 ամսվա կտրվածքով չի գերազանցում 5-ը:
Առաջարկվող նախագծով գործատուի և աշխատողի փոխհարաբերություններում մի շարք կարևոր կետեր այլևս կկարգավորվեն ոչ թե իրավական ակտերով, այլ վերջիններիս փոխհամաձայնեցմամբ: Հաշվի առնելով հայաստանյան իրականությունը՝ օրենսդրական այս նախագիծը գերփոքր գործատուներին աշխատողների նկատմամբ կամայականություններ իրականացնելու բարենպաստ միջավայր կստեղծի:
Նախագծի 21-րդ հոդվածի համաձայն՝ գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի մոտ արտաժամյա աշխատանքները կարող են լինել գործատուի պահանջով կամ կողմերի համաձայնությամբ: Այլ կերպ ասած, եթե դուք աշխատում եք, օրինակ, պոնչիկ արտադրող գերփոքր ձեռնարկատիրությունում, ձեր գործատուն յուրաքանչյուր պահի կարող է պահանջել ձեզնից մի քանի ժամ կամ նույնիսկ գիշերը մնալ աշխատելու: Ավելին՝ արտաժամյա և գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար տրվող հավելավճարի չափը նույնպես կախված կլինի գործատուի կամքից: Իսկ եթե գործի ընդունվելուց գործատուն համոզի ձեզ պայմանավորվել, որ աշխատանքի ազատելու մասին պիտի զգուշացնի, դիցուք, մեկ օր շուտ, արդեն հաջորդ օրը դուք կարող եք զրկվել աշխատանքից։
Գործատուն և աշխատողն են սահմանում նաև ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդի տևողությունը, ինչը պետք է ամրագրվի նաև աշխատանքային պայմանգրում: Եվ եթե դուք դեռ աշխատում եք նույն պոնչիկի արտադրամասում, գործատուն կարող է կրճատել ձեր ամենամյա արձակուրդի տևողությունն այնքան, որքան կկամենա:
Նախագծում ասվում է նաև, որ գործատուն ինքը կորոշի, թե որոշակի ժամկետով կամ անժամկետ կնքված աշխատանքային պայմանագիրը երբ կլուծարվի: Ստացվում է, որ պոնչիկի արտադրամասում, մի գեղեցիկ աշխատանքային օր գործատուն կարող է հայտնել ձեզ հաջորդ օրն այլևս գործի չգալու մասին:
2016 թվականին Հայաստանում գերփոքր ձեռնարկատիրությունների թիվը կազմել է 71․606, այստեղ աշխատողների թիվը՝ 101.584: