24 հոկտեմբերի 2017 - 17:27 AMT
ՀՀ նախագահ. Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում, երկուսին էլ պատրաստ ենք

Հայկական կողմն այս փուլում Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելու նպատակ չունի՝ Արցախի քաղաքացիական բնակչությունը հակառակորդի անխտրական կրակից պաշտպանելու խնդիրը մենք հիմնականում արդեն լուծել ենք և լուծել ենք վաղուց: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում ունեցած ելույթում:

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին: Ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար ուսումնական այս փուլում իրականցվող ծրագիրը մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությամբ:

Նա հավելել է, որ խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում: Ուստի, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք»,-ասել է նա:

Սարգսյանը հավելել է, որ բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձևավորվող փոխադարձ վստահության պայմաններում: Կարճաժամկետ տակտիկական կամ քարոզչական առավելություն ստանալով` կողմերից ոչ մեկը որևէ էական հարց իր համար չի լուծում: Ընդհակառակը, սադրանքները պարզապես անհնարին են դարձնում լուրջ բանակցությունները:

«Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ և զոհվելով: Այսինքն՝ այստեղ որևէ նոր բան կա՞:Ես կրկնել եմ այն, ինչ 20 տարի ասում եմ, ինչ 25 տարի մենք խոսում ենք: Այսինքն, եթե որևէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնևում բանակցել ենք, ասել ենք և հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա՝ դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ է:

Մենք վրեժի և կոլեկտիվ պատժի գործողություններ չենք իրականացրել, չենք իրականացնում և չենք էլ իրականացնելու: Սակայն ամեն մի ռազմական կորստի դիմաց լինելու է հակառակ կողմի զինվորականների դեմ ուղղված հատուցման գործողություն:

Իմ այս շեշտադրումների երրորդ խումբը մեր գաղափարախոսության մասին է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկական և կրոնական բնույթ չի կրում: Մենք որևէ խնդիր չունենք ո՛չ ադրբեջանցի ժողովրդի, ո՛չ էլ առավել ևս մահմեդական կրոնի հետ: Մենք վստահ ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, պարզապես այդ ցանկությունը պետք է ճիշտ հունի մեջ գցել»,-ասել է ՀՀ նախագահը:

Նախագահը նշել է, որ Արցախի ազատագրական շարժման ամենաառաջին իսկ օրվանից մենք ամեն ինչ արել ենք այդ պահին գործող օրենքի և միջազգային իրավունքի շրջանակներում: «Մենք իսկապես մեր առջև խնդիր ենք դրել բոլոր գործողություններն իրականացնել այն ժամանակվա գործող ԽՍՀՄ օրենքին և միջազգային իրավունքին համապատասխան: Չգիտեմ՝ ինչքանով մենք պետք է շնորհակալ լինենք մեր ավագ ընկերներին, ովքեր կարողացել են այդ ճիշտ գաղափարը ներարկել մեզ: Եվ հենց այս պատճառով մենք հստակորեն ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կոնֆլիկտը տարբերվում է նախկին Խորհրդային միության տարածքում եղած բոլոր կոնֆլիկտներից՝ ոչ միայն այն պատճառով, որ այս կոնֆլիկտների ծագումնաբանությունն է տարբեր, այլ առաջին հերթին այն պատճառով, որ ամեն ինչ արվել է օրենքին և իրավունքին համապատասխան»,,-ասել է Սերժ Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նիստին մասնակցել են պաշտպանության նախարարը, ՊՆ և Զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները: Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային մարտահրավերներին, Հայաստան-սփյուռք համագործակցությանը: