25 հոկտեմբերի 2017 - 11:00 AMT
Մեդվեդևի այցի 1-ին օրվա արդյունքները. Գազի գինը դեռ չի փոխվի, աբխազական երկաթուղին էլ չի բացվի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով հոկտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեծ և ներկայացուցչական պատվիրակության ուղեկցությամբ:

ՀՀ տարբեր պաշտոնատար անձանց հետ հանդիպումների արդյունքում այցի օրվա ավարտին պարզ դարձավ, որ 2018-ին ռուսական գազի գինը Հայաստանի համար կմնա անփոփոխ: Այդ մասին, մասնավորապես, հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը, իսկ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հավելել է, որ ակնկալվում է, որ 2018-ին Ռուսաստանից Հայաստան գազի մատակարարումների ծավալը կաճի:

«2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացում արձանագրել ենք, որ ավելի քան 200 մլն խորանարդ մետր գազ է ավել մատակարարվել, քան 2016-ին։ Սա նաև փաստում է այն մասին, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է», - նշել է Միլլերը, հայտնում է Aysor.am-ը։

Ի դեպ, բավականին զավեշտալի միջադեպ արձանագրվեց Մեդվեդև-Սարգսյան հանդիպմանը, երբ Մեդվեդևն ուրախությամբ տեղեկացրեց նախագահ Սարգսյանին, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը նույնիսկ ավելին է, քան նշեց նախագահը՝ գրեթե 30 տոկոս: Մինչդեռ նախագահ Սարգսյանն ասել էր, որ2016-ն «ավարտել ենք 15 տոկոս աճով, իսկ ընթացիկ տարվա 8 ամիսների ընթացքում մեր ապրանքաշրջանառության աճը 23 տոկոսից մի փոքր ավելի է»:

«Չկա ոլորտ, որի շրջանակներում մենք այժմ չենք համագործակցում: Օրինակ՝ շատ լավ դինամիկա է արձանագրվել գյուղատնտեսական մատակարարումների ոլորտում, և այստեղ Հայաստանը լավ զարգացրել է իր ներկայությունը ռուսական շուկայում, չնայած պարզ է, որ կարելի է այսուհետ ևս այս գործընթացները զարգացնել: Այլ ոլորտները նույնպես լավ զարգանում են: Դրանք են՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ներդրումային փոխգործակցությունը: Քիչ առաջ քննարկում էինք Իրանի հետ համագործակցությամբ ձեզ մոտ ստեղծվող ազատ տնտեսական գոտու տարածքում աշխատանքի հնարավորությունը և մի շարք այլ մասշտաբային ծրագրեր: Ուստի կաշխատենք, կհամագործակցենք»,- ասել է ՌԴ կառավարության նախագահ Մեդվեդևը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը:

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը Երևանում լրագրողների հետ զրույցում իր հերթին հայտարարեց, որ ռուսական կողմը բաց է վրացական կողմի հետ բանակցություններ վարելու համար ու պատրաստ է վերականգնել տարանցիկ երկաթուղային ու ավտոտրանսպորտային հաղորդակցությունն Աբխազիայով: «Բաց ենք երկխոսության համար: Բանակցությունները տարվում են արտաքին գործերի նախարարների միջև և վերջին կոնտակտը եղել է սեպտեմբերին: Որպես արդյունք կարող ենք ունենալ տարանցիկ ուղիների բացում ոչ միայն Աբխազիայով, այլև՝ Հարավային Օսիայով», - ասել է Սոկոլովը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով` այս նախագծի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Դմիտրի Մեդվեդևի հետ առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է լրագրողներին: «Քննարկել ենք համատեղ և՛ ներդրումային, և՛ այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ համագործակցության խորացման ուղղությամբ: Ստորագրվել են փաստաթղթեր, որոնք միանշանակ կնպաստեն մեր համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»:

Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը, Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: