25 հոկտեմբերի 2017 - 11:44 AMT
Daily Mail. Հայաստանում արջերին պահում են ռեստորաններում՝ անտանելի պայմաններում

Տասնյակ արջեր Հայաստանում պահվում են վանդակներում՝ ռեստորանների և խանութների այցելուներին զվարճացնելու համար: Այս մասին գրում է Daily Mail-ը: Նրանց որսացել և պարտադրել են ապրել նեղ վանդակներում, երբ դեռ ձագեր էին, և կերակրել են սննդի մնացորդներով:

Կայքը հայտնում է նաև, որ բրիտանական բարեգործական՝ Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (IAR) արջերին վանդակներից ազատելու նախաձեռնություն է սկսել: Բարեգործական կազմակերպությունը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ, հույս ունի անազատ պայմաններում պահվող մոտ 80 արջի փրկել: Յուրաքանչյուր կենդանու համար նախատեսվում է հատկացնել 4000 եվրո:

IAR-ը հույս ունի նաև այս կենդանիներին վերադարձնել վայրի բնություն, սակայն հաշվի առնելով, որ նրանք ամբողջ կյանքն ապրել են վանդակներում, կազմակերպությունը նախատեսում է 75.000 եվրո հատկացնել՝ կենդանիների համար հատուկ պայմաններով հաստատության կառուցման համար:

Ըստ պարբերականի, արջերը աղերսագին հայացքով հետևում են, թե ինչպես են գետափին ընտանիքները վայելում իրենց ճաշը՝ նրանցից սննդի պատառներ ակնկալելով:

Հայաստանում կենդանիների որսն ու վատ պայմաններում պահելը հին ավանդույթ է, գրում է պարբերականը: Ի տարբերություն այլ ոլորտներում գրանցված առաջընթացի, կենդանիների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում շարունակում է մնալ վատ վիճակում:

Photo. Roger Allen/Silverhub