Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալման ալ Սաուդը հայտարարել է Կարմիր ծովի ափին նոր նորարարական քաղաք կառուցելու մտադրության մասին:
NEOM քաղաքը կկառուցվի զրոյից: Արքայազնը նշել է, որ ներդրումները սկզբնական փուլում մոտ 500 մլրդ դոլար կկազմեն՝ միջոցները կհատկացնեն Սաուդյան Արաբիայի կառավարությունը, երկրի ինքնիշխան հիմնադրամը և մասնավոր ներդրողները, գրում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով:
NEOM-ում բարձր որակավորում ունեցող կադրեր կաշխատեն, իսկ ֆիզիկական աշխատանքը կկատարեն ռոբոտները: Ռոբոտների քանակը կգերազանցի բնակչության թիվը: Առաջնային ոլորտները կլինեն թվային տեխնոլոգիաները, նոր էներգետիկան, կենսատեխնոլոգիաներն ու մեդիան:
Նախատեսվում է կամուրջ կառուցել Կարմիր ծովի վրայով, որը կկապի Սաուդյան Արաբիան Եգիպտոսի հետ: Քաղաքի մակերեսը կլինի 26.000 քկմ: Դա կլինի աշխարհում առաջին հատուկ անկախ գոտին, որը Սաուդյան Արաբիայից բացի կներառի նաև հարևան Եգիպտոսի և Հորդանանի տարածքը, նշում են նախագծի հեղինակները:
Մինչդեռ 2016-ի սեպտեմբերին Bloomberg-ը հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան մտադիր է մի շարք նախագծեր սառեցնել պետական գանձարանի պակասուրդը նվազեցնելու համար: Նավթի գների անկման պատճառով 2015-ը երկիրն ավարտեց բյուջեի ռեկորդայինն պակասուրդով՝ 98 մլրդ դոլար: