18 փետրվարի 2008 - 16:31 AMT
Եվրոպան դեռեւս չի շտապում ճանաչել Կոսովոյի անկախությունը
Քանի դեռ Եվրոպական Միությունը չի մշակել միասնական դիրքորոշում Կոսովոյի կառավարության կողմից ինքնիշխանության միակողմանի հռչակման վերաբերյալ, Բեռլինը մտադիր չէ պաշտոնապես ճանաչել նահանգի նոր կարգավիճակը: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: Նրա խոսքերով, առաջիկա օրերին Գերմանիայի կառավարությունը մտադիր չէ պաշտոնապես ճանաչել երկրամասի ինքնիշխանությունը: Այդ քայլին դիմելուց առաջ, Բեռլինը ցանկանում է միասնական դիրքորոշում մշակել Եվրամիության մյուս պետությունների հետ: Երկուշաբթի առավոտյան Բրյուսելում սկսվել է ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների նիստը, որի օրակարգում է Կոսովոյի խնդիրը: Բանակցություններից առաջ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշները մեծ հաջողություն է համարել Եվրոպայի եւ կոսովարների համար Կոսովոյի անկախությունը` ընդգծելով, որ կատարվածը չի նշանակում, թե Սերբիան պարտություն է կրել: Ինչպես Մերկելը, Քուշները հրաժարվել է նշել Ֆրանսիայի կառավարության կողմից Կոսովոյի նոր կարգավիճակի ճանաչման օրը, հաղորդում է Deutsche Welle-ն:

Մինչդեռ, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղար Շոն Մըքքորմակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ի գիտություն է ընդունել Կոսովոյի իշխանությունների հռչակագիրը անկախության մասին եւ կոչ է անում տարածաշրջանի բոլոր կողմերին զսպվածություն դրսեւորել»: