Ադրբեջանական կողմը հակառակ է գործում պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվում հանդիպումների ժամանակ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Հայտարարվել էր այն մասին, որ լարվածությունը պետք է նվազի, սակայն կատարվում է ճիշտ հակառակը և դա արդեն դարձել է օրինաչափություն», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով` Ադրբեջանին վրդովվեցրել է այն հայտարարությունը, ըստ որի՝ հարցի ցանկացած կարգավորում ենթադրում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Դրա շուրջ Ադրբեջանում սկսվել է վայնասուն, սակայն երբ Բաքուն հարցականի տակ է դնում Արցախի Հանրապետության անկախությունը, ինքը ձևացնում է, թե մոռացել է, որ նույն հիմքով անկախացել է թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թե՛ Ադրբեջանը՝ Սովետական միության օրոք», - ասել է նա:
Շավարշ Քոչարյանը շեշտել է` Արցախում անկախության հանրաքվեն ավելի շուտ է անցկացվել, քան` Ադրբեջանում, ուստի իր անհեռանկար քայլերով կամ հայտարարություններով Ադրբեջանն իր անկախությունն է հարցականի տակ դնում:
«Բանակցություններին խանգարողը Ադբեջանն է, այնպես չէ, որ հայկական կողմը խուսափել է բանակցություներից, ճիշտ հակառակը: Սակայն երբ հակառակորդը պարտադրում է և ասում է՝ ամեն ինչ պետք է լինի ինչպես ես եմ ուզում, ապա, բնական է, տեղի տալ չի կարելի», - ասել է նա:
Շավարշ Քոչարյանը նշել է` բանակցությունների հեռանկարի հետ կապված շատ հստակ խոսել են համանախագահները իրենց բազմաթիվ հայտարարարություններում, որ բանակցությունների առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան հիմք, իսկ հիմքը՝ կողմերի միջև վստահությունն է:
«Այդ վստահությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կատարի միջազգային իր պարտավարությունը և հետաքննության մեխանիզմները: Դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Հայկական կողմը այն, ինչ լինում է սեղանի շուրջ փակ բանակցություններում, երբեք չի խախտել և չի էլ խախտի, խախտողը մենք գիտենք՝ ով է՝ միշտ Ադրբեջանն է: Այն, ինչ խոսվում է բանակցությունների սեղանի շուրջ դրվում է մի կողմ, դրանից հետո ինքը լրիվ ուրիշ բաներ է ասում, դա այնքան ակնհայտ է», - ասել է. Քոչարյանը:
ՀՀ փոխարտգործնախարարը հավելել է, որ բանակցությունների մանրամասներին ծանոթ չէ, սակայն ապրիլյան պատերազմը լուրջ ազդեցություն է թողել նաև միջնորդների մոտեցումների վրա, ինչը երևում է:
Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:
Հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «Սպայկ» տիպի մեկ հակատանկային հրթիռ: