27 հոկտեմբերի 2017 - 13:13 AMT
Business Insider-ը՝ հայկական CodeFights-ի մասին. Կօգնի աշխատող գտնել մասնագիտական հմտություններով

Հայտնի Business Insider պարբերականը անդրադարձել է CodeFights հայկական ստարթափին, որը կօգնի ՏՏ ընկերություններին իրենց աշխատողներին ընտրել ոչ թե լավ շարադրված ինքակենսագրականի, այլ ծրագարավորման հմտությունների համաձայն:

Հայ ծրագրավորողների մշակած CodeFights-ն առաջարկում է նոր՝ CodeFightsR համակարգ, որը կբարելավի թեկնածուների հավաքագրման և աշխատանքի ընդունման գործընթացը:

«Դու կարիք չունես ամենահեղինակավոր ճարտարագիտական համալսարաններից որևէ մեկի շրջանավարտը լինելու կամ որևէ հայտնի ՏՏ ընկերությունում աշխատանքային փորձ ունենալու: Բազմաթիվ ղեկավարներ դեռևս շարունակում են կարևորություն տալ սրան՝ թեկնածուներին ընտրելիս: CodeFights-ը կարող է փոխել այս մոտեցումը», - գրում է ամսագիրը:

Համակարգը կօգնի HR պատասխանատուներին գնահատել թեկնածուների հմտությունները՝ ծրագրավորման հատուկ մարտահրավերներ նրանց առաջադրելով: Աշխատանքի համար դիմողները պետք է թեստ լրացնեն համակարգում, անհրաժեշտ միավորները հավաքելու դեպքում՝ նրանց կկանչեն հարցազրույցի:

«Աշխատողների ոչ օբյեկտիվ ընտրության պատճառը հիմնականում նրանց մասնագիտական կարողությունների մասին ճշգրիտ ինֆորմացիայի պակասն է»,- ասում է ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանը:

CodeFights-ը հնարավորություն է տալիս ընկերություններին նաև ծրագրավորման բոտեր գործարկել, որոնց հետ մրցակցելու միջոցով, կայքի ծրագրավորող այցելուները կարող են ստուգել իրենց գիտելիքները:

«Ընկերությունների համար ծրագրի արդյունավետությունն արդեն տեսանելի է: Նրանք հասկանում են, որ առանց որևէ թեկնածուների ինքնակենսագրականն ուսումնասիրելու և նրանց հետ խոսելու՝ կարող են ընտրել Java կամ Android լավագույն մասնագետներին»,-ասում է Սլոյանը:

Ընկերության գրասենյակում այցելուները կարող են տեսնել «փառքի պատը», որտեղ մեկտեղված են CodeFights-ի միջոցով աշխատանքի ընդունված ծրագրավորողների պատմությունները:

Codefights-ի մասին մանրամասն կարող եք կարդալ նաև Հայերի ստեղծած CodeFights ստարտափը $10 մլն-ի ներդրում է ներգրավել, Հայկական ՏՏ-ի «ոսկե ցլիկները», Հայերի ստեղծած խաղն օգնում է Uber-ին ծրագրավորողներ գտնել անդրադարձերում։