27 հոկտեմբերի 2017 - 13:28 AMT
Վանի 3 վանք անհետացման եզրին է

Վանի Արճեշ գավառում գտնվող Արծվաբերդ վանքը անհետանալու վտանգի առջև է կանգնած: Այս մասին գրում է Gazetekarinci կայքը:

Գանձեր գտնելու ակնկալիքով վանքում բազմաթիվ փոսեր են փորվել, վնասվել պատերը: Ամբողջովին քանդված են վանքի պարիսպներն ու խաչքարերը, իսկ վանքի տարածքը աղբավայրի է վերածվել:

7-8-րդ դարերում կառուցված Արծվաբերդը եղել է գավառի ամենանշանավոր վանքերից մեկը: Վանքը 19-20-րդ դարերում բազմաթիվ հարձակումների է ենթարկվել քրդերի և թուրքերի կողմից:

Գանձագողերի հարձակումների և տեղի բնակիչների անփույթ վերաբերմունքի հետևանքով անհետացման եզրին են կանգնած նաև Վանի Արտամետ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին և Սուրբ Աստվածածին վանքը: Սուրբ Գևորգից ընդամենը մեկ կիսավեր պատ է պահպանվել:

Հայոց ցեղասպանությունից առաջ Արտամետ գյուղն ունեցել շուրջ 700 հայ բնակիչ: 1990-ականներին գյուղում Սուրբ Գևորգ եկեղեցուն կից մզկիթ է կառուցվել: