28 հոկտեմբերի 2017 - 13:47 AMT
Շաբաթն առաջնագծում լարված է եղել. Ադրբեջանցիները կիրառել են «Սպայկ» հրթիռներ, ականանետեր ու նռնականետեր

Հոկտեմբերի 22-28-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը բացի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքպահների ուղղությամբ կիրառել է նաև «Սպայկ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ օրերին ստեղծված լարված իրադրությունը: Մասնավորապես՝ բանակի հրամանատարը դեսպան Կասպրշիկին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից «Սպայկ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետերի կիրառման մասին ապացույցներ: