30 հոկտեմբերի 2017 - 11:20 AMT
Վարչապետ. Տնտեսական աճի հիքմերը բավարար ամուր չեն

Վերջին տարիներին ՀՀ տնտեսությունն արտաքին աշխարհից բացասական ցնցումների է ենթարկվում, որի հետևանքով տնտեսական աճի ցածր մակարդակ է նկատվել: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ։

«Ընթացիկ զարգացումները, չնայած հուսադրող են, սակայն տնտեսական աճի հիքմերը բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար», - ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։

Վերջինս ընդգծել է, որ 2017-ին բյուջետային մի շրջանակ հաստատվեց, որը բնորոշում է տնտեսական աճի կայունացումը, իսկ 2018-ին կառավարությունը ծրագրել է բյուջե, որը հիքմեր կստեղծի ապագայում միջինը 5-տոկոսանոց տնտեսական աճ ապահովել։

«Բոլորից մեծ ջանքեր ու ծավալուն աշխատանք կպահանջվի նշված ցուցանիշին հասնելու համար», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ կառավարությունը շարունակելու է աշխատել ստվերի կրճատման ուղղությամբ և քայլեր է ձեռնարկելու գործարար տնտեսության զարգացման ուղղությամբ։

Վարչապետի խոսքով՝ հաշվի առնելով 2017-2022 թթ.կառավարության ծրագրի նպատակադրումները՝ 2018-ի բյուջեում հարկաբյուջետային քաղաքականության մոտեցումների մասով վերանայումներ են կատարվել։ «Հարկաբյուջետային քաղաքականությունը ծախսային կառուցվածքի վերանայմամբ է իրականացվելու՝ տնտեսական աճի ապահովման հարցում ապահովելով կապիտալ ծախսերի անհրաժետությունը», - նշեց վարչապետը։

Ավելի վաղ վարչապետը հանձնարարել էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին համագործակցելով «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» հետ՝ երկշաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ, միջոցառումների փաստացի, ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարածման օբյեկտիվ ցուցիչների կազմման և մոնիտորինգի համակարգի գործարկման վերաբերյալ:

Ընթերցեք նաև.Վարչապետ. Մտավախություն կա, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա

Aysor.am. Տնտեսական աճի հիքմերը բավարար ամուր չեն երկարաժամկետ բարձր տնտեսական աճին հավակնելու համար. Վարչապետ