30 հոկտեմբերի 2017 - 13:26 AMT
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Հուսով ենք ստորագրել ՌԴ հետ նոր ռազմական վարկի համաձայնագիրը մինչև 2017-ի ավարտը

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հուսով է, որ Մոսկվայի հետ 100 մլն դոլարի նոր վարկի, որը կտրամադրի Հայաստանին արդիական սպառազինություն և ռազմատեխնիկա գնելու նպատակով,մասին համաձայնագիր կստորագրվի մինչև 2017-ի ավարտը:

«ՀՀ կառավարությունը հավանություն է տվել համաձայնագրին: Ստորագրման կոնկրետ ամսաթիվ չկա, բայց, հուսով եմ, մինչև տարեվերջ դա կարվի»,-ասել է դեսպանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ համաձայնագրի նախագծի, որը ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հոկտեմբերի 12-ին, ՌԴ-ն 100 մլն դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ կտրամադրի ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:

Ըստ համաձայնագրի, 100 մլն դոլարի չափով ներգրավվող պետական արտահանման վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ)՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Հայաստանը կհամաֆինանսավորի համաձայնագրի շրջանակներում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:

Հայկական կողմը վարկն օգտագործելու է 2018-2022թթ. ընթացքում:

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան $200 մլն վարկ է տրամադրել սպառազինության ձեռքբերման համար: Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր: