30 հոկտեմբերի 2017 - 17:45 AMT
Տարոն Մարգարյանը դժգոհ է «Սանիթեքի» աշխատանքի որակից

Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները պետք է մշտական հսկողության տակ լինեն: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ՝ իր դժգոհությունը հայտնելով մասնավորապես «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքների որակից:

Քաղաքապետը ևս մեկ անգամ նշել է, որ այդ ուղղությամբ վերահսկողությունը պետք է լինի ամենօրյա:

Ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել է ամենօրյա հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման և չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ:

«Աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները պահեք մշտական հսկողության տակ: Այսօրվա վիճակը չի կարող բավարարել ո՛չ մեզ և ո՛չ էլ մեր համաքաղաքացիներին: Դժգոհություններ են ստացվում ոչ միայն աշխատանքների կատարման ժամանակացույցի խախտման, այլ նաև վնասված աղբամանների հետ կապված: Ընդ որում, մարդիկ հստակ նշում են, որ դրանք հիմնականում վնասում են հենց «Սանիթեքի» աշխատակիցները՝ իրենց անփույթ վերաբերմունքով: Լավ, դուք այդ ամենը չե՞ք տեսնում, ձեզ չի՞ մտահոգում ձեր աշխատակիցների նման անփույթ վերաբերմունքը: Կարգի հրավիրե՛ք ձեր աշխատողներին ու պահանջեք, որ պատշաճ իրականացնեն իրենց պարտականությունները: Պայմանագրային պարտավորություն եք ստանձնել, ուրեմն պատշաճ իրականացրեք դրանք, ոչ թե կիսատ-պռատ ու երբ ինչպես ուզեք:

Իսկ մեր աշխատակազմի համապատասխան ծառայություններն էլ թող չմոռանան, որ «Սանիթեք»-ը վճարովի ծառայություն է մատուցում, ըստ այդմ հետևեք, որ պատշաճ իրականացնեն իրենց ստանձնած պարտավորությունները» ,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմի համապատասխան ծառայություններին հանձնարարել խստորեն հետևել «Սանիթեքի» ամենօրյա աշխատանքներին, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: