19 փետրվարի 2008 - 14:42 AMT
ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունները մտադիր են «Թուրքիայի իմիջի փոփոխմանն» ուղղված քարոզարշավ սկսել
ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունները արշավ են ծավալել«փոխելու ամերիկացիների պատկերացումները» Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ լուսաբանելու Թուրքիայի դերը Իրաքի վերականգնման գործում: Ամերիկայի թուրքական ընկերակցությունների համագումարը արդեն հավաքներ է անցկացրել 11 քաղաքներում եւ մտադիր է նման միջոցառումներ կազմակերպել եւս 19 բնակավայրերում:

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան համաձայն, Միացյալ Նահանգներում բնակվում է 150 հազար թուրք, մինչդեռ համագումարը պնդում է, որ նրանց թիվը հասնում է 250 հազարի: «Համագումարը, որը միավորում է ավելի քան 60 թուրքական կազմակերպություններ, իր հիմնական նպատակն է համարում, ներկայացնել Թուրքիայի տեսակետը հայերի ջարդերի վերաբերյալ եւ վերացնել Թուրքիայի նկատմամբ գոյություն ունեցող նախապաշարումները» - գրում է «Վաշինգտոն թայմս»-ը:

Թերթը փաստում է, որ Թուրքական համագումարը դիմակայում է «հայկական ուժեղ լոբբիին»: «Ամերիկյան որոշ նահանգներ, մասնավորապես, Կալիֆորնիան, Միչիգանը եւ Մասաչուսեթսը ունեն պատկառելի հայկական բնակչություն` զգալի քաղաքական ազդեցությամբ: Որոշ տեղեկություններով, ԱՄՆ-ում ապրում է 1,5 միլիոն հայ», - նշում է պարբերականը:

«Մենք երկխոսություն ենք հայցում ամերիկահայերի հետ: Ամերիկայի թուրքական համայնքը երբեք չի ժխտում հայերի ջարդերը: Մենք նաեւ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ 1885-1919 թվականների հայկական ապստամբության հետեւանքով զոհվել է 1,1 միլիոն թուրք եւ հրեա` այդ նույն արեւելյան Օսմանյան Անատոլիայում եւ նույն պայմաններում, որոնք հանգեցրել են հայերի մահվանը: Ճշմարտությունը, որը մենք հայցում ենք, լիակատար ճշմարտությունն է», - ասել է Թուրքական համագումարի նախագահ Գյունեյ Էվինչը: