Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում ոչ ոքի է խաղացել Հունգարիայի թիմի հետ՝ 2:2:
Իրենց պարտիաները ոչ ոքի են ավարտել Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Շախմատի Եվրոպայի առաջնությունում նոյեմբերի 2-ին հանգստյան օր է:
Նոյեմբերի 3-ին կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Ադրբեջանի թիմի հետ:
Հինգերորդ տուրից հետո ՀՀ ընտրանին զբաղեցնում է 4-րդ տեղը:
Հայաստանի կանանց հավաքականը խոշոր՝ 0:4 հաշվով զիջել է Վրաստանի թիմին: Պարտություն են կրել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան:
Կանանց հավաքականը Վրաստանին պարտվելուց հետո նահանջել է 13-րդ հորիզոնական և նոյեմբերի 3-ին կխաղա Հունգարիայի թիմի հետ: