3 նոյեմբերի 2017 - 15:10 AMT
«Խաչատրյանը և ջազը» նախագիծը կներկայացվի նոյեմբերի 7-ին

Նոյեմբերի 7-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում բեմ կբարձրանա «Խաչատրյանը և ջազը»սիրված նախագիծը։ Այն ներկայացնում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները։

Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը կներկայացնեն հատվածներ «Գայանե», «Սպարտակ» բալետներից, Խորհրդային Հայաստանի հիմնը, «Ձոն ցնծության» և այլ ստեղծագործություններ՝ ջազային գործիքավորմամբ։ Մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։

Մենակատարներ՝ Վահագն Հայրապետյան (դաշնամուր), Արմեն Հյուսնունց (սաքսոֆոն)։ Դիրիժորներ՝ Սերգեյ Սմբատյան, Արմեն Հյուսնունց։

Երևանում ընթացող Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որն այն կյանքի է կոչում ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։