6 նոյեմբերի 2017 - 14:09 AMT
Դոնի Ռոստովում ֆուտբոլի ԱԱ երկրպագուներին հայկական խորոված կհյուրասիրեն

2018-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին Դոնի Ռոստով ժամանող երկրպագուներին կառաջարկեն համտեսել Ռուսաստանի հարավի բոլոր ժողովրդների, այդ թվում, հայկական խոհանոցը: Շրջագայության ժամանակ երկրպագուները կլինեն հայկական Չալտիր գյուղում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

«Իսկ Չալտիրը Ռուսաստանի հարավի գաստրոնոմիական և խորովածի մայրաքաղաքն է: Այստեղ հասարակական սննդի 130 հաստատություն կա, որը միաժամանակ կարող է ավելի քան 10.000 այցելու ընդունել: Մինչդեռ հայկական գյուղի ամբողջ բնակչությունը 16.000 է»,-գրում է թերթը:

«Մեր նախնիները շատ են ճամփորդել և ձգտել են սովորել պատրաստել տարբեր երկրների ամենահամեղ ու հետաքրքիր ուտեստները: Խոհարարական գաղտնիքները նրանք մեզ են փոխանցել և մենք էլ կիսվում ենք մեր հյուրերի հետ: Ցանկացած այցելու մեզ համար հյուր է»,-ասել է հայկական գյուղի ռեստորաններից մեկի շեֆ-խոհարար Սերգեյ Խրխրյանը:

Ինչպես գրում է պարբերականը, 2016-ին Չալտիրի 18-ամյա բնակիչը ճանաչվել է ՌԴ լավագույն խոհարար և հաղթել է WorldSkills Russia-2016՝ Բանվորական մասնագիտությունների IV ազգային առաջնությունում՝ ստանալով ոսկե մեդալ «Խոհարարական արվեստ» անվանակարգում:

«Ինչպես խոստովանել է Սերգեյ Խրխրյանը, նա մանկուց է սիրել պատրաստել: Սկզբից խոհարարություն է սովորել Ազնիվ տատից և Շուրա պապից: Նրանց շնորհիվ նա իմացել է, թե ինչպես է պետք կարկանդակներ ու տորթեր պատրաստել, իսկ հետո պելմենի: 15 տարեկանում աշխատանքի է ընդունվել տեղի ռեստորանում որպես հայտնի խոհարար Սերգեյ Նասհուլյանի օգնական: WorldSkills Russia մրցույթում նա ստիպված էր բոլորից լավ 7 ուտեստ պատրաստել. մի քանի սառը խորտիկ, թռչնամսից ռուլետ, ձկնեղեն, թռչնամիս երկու խավարտով և դասական կատալոնական կրեմ որպես աղանդեր»,-ասվում է հոդվածում:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցնի Ռուսաստանում 2018-ի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: