6 նոյեմբերի 2017 - 16:06 AMT
«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանում Գիշերային հերթափոխը կվերադառնա [սփոյլեր]

Չնայած «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի ավարտին Յոթ թագավորությունը սպիտակ քայլորդներից բաժանող պատը ավերվեց, այնուամենայնիվ գիշերային հերթափոխը կվերադառնա սերիալի 8-րդ՝ վերջին եթերաշրջանում:

Esquire կայքի փոխանցմամբ՝ Բեն Քրոմփթոնը, ով սերիալում մարմնավորում է գիշերային հերթափոխի հրամանատար Էդիսոն Թոլեթին, հաստատել է, որ խաղալու է սերիալի վերջին եթերաշրջանում: Նա հայտնել է նաև, որ Քիթ Հարինքթոնի հետ կարդացել է եթերաշրջանի սցենարը: «Ծովի մոտ գտնվող արևելյան հերթափոխն ավերված է, Էդը ղեկավարում է Սև ամրոցը»,-գալիք եթերաշրջանից մանրամասներ է հայտնում դերասանը:

Գիշերային հերթափոխի՝ «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանում հայտնվելը հարցականի տակ էր 7-րդ եթերեշրջանի վերջին էպիզոդից հետո, երբ սպիտակ քայլորդները Դեյներեսի նախկին վիշապի միջոցով ավերեցին պատը: Այնուամենայնիվ, սերիալի երկրպագուները կարծում են, որ արևելյան հերթափոխից որոշները կարող են ողջ մնալ:

«Ելնելով Քրոմփթոնի ասածներից, Ջոն Սնոուի նախկին անձնակազմը կարող է որոշակի դերակատարություն ունենալ սպիտակ քայլորդների դեմ պայքարում»,-գրում է պարբերականը:

HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: