8 նոյեմբերի 2017 - 17:40 AMT
AIF. Ինչով են զբաղվում ՈւՀԱ նախկին անդամներ Սաղաթելյանն ու Ջանիբեկյանը

«Ուրախների և հնարամիտների ակումբը» նոյեմբերի 8-ին նշում է 56-րդ տարեդարձը: Այդ առթիվ AIF.ru-ն պատմել է, թե ինչով են այսօր զբաղվում ակումբի հայտնի աստղերը:

Պարբերականը նշում է, որ Գարիկ Մարտիրոսյանը, Պավել Վոլյան, Անդրեյ Ռոժկովը, Միխայիլ Գալուստյանը, Սեմյոն Սլեպակովը, Եկատերինա Վարնավան, ավարտելով ելույթները ՈւՀԱ թիմերի կազմում, շարունակել են կարիերան զվարճանքների ոլորտում և ճանաչում ստացել: Մինչդեռ կան ՈւՀԱ նախկին մասնակիցներ, որոնք բեմի հետ այլևս կապ չունեն, այդ թվում Արման Սաղաթելյանն ու Արթուր Ջանիբեկյանը:

«Մինչ օրս բոլորին հայտնի Գարիկ Մարտիրոսյանից առաջ ՈւՀԱ «Նոր հայեր» թիմը գլխավորում էր Արման Սաղաթելյանը: Նա, ի տարբերություն Comedy Club-ի համահիմնադիրի, իր կյանքը չկապեց բեմի հետ, նույնիսկ հակառակը՝ այսօր Սաղաթելյանը քաղաքագիտության թեկնածու է, տասնյակից ավելի գիտական և կրթական ծրագրերի հեղինակ:

1997-ին հեռանալով ՈւՀԱ-ից, Սաղաթելյանը ժամկետային զինծառայություն է անցել ՀՀ ՊՆ Հ ՊՆ քարոզչության և հասարակայնության հետ կապերի բաժնում, հետո աշխատել է ՊՆ-ում որպես քաղաքացիական մասնագետ, եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի խորհրդական, 2013-ին՝ դարձել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար, սակայն շուտով, 2015-ին հեռացել է պաշտոնից՝ ստանձնելով Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնը»,-պատմում է թերթը: :

«Գարիկ Մարտիրոսյանի և Արման Սաղաթելյանի թիմակից Արթուր Ջանիբեկյանը հեռացավ բեմից, սակայն դարձավ ռուսական շոու բիզնեսի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանցից մեկը: 2003-ին նա նախկին թիմակիցների հետ ստեղծեց Comedy Club շոուն, հետո՝ Comedy Club Production պրոդյուսերական կենտրոնը: Նրա շնորհիվ հայտնվեցին «Մեր Russia»-ն, այլ սիրված նախագծեր, նկարահանվեց «Ամենալավ ֆիլմը»: 2015-ին Ջանիբեկյանը գլխավորեց «Գազպրոմ-մեդիա. Զվարճային հեռուստատեսությունը», իսկ 2016-ից՝ նաև ՏՆՏ հեռուստաալիքի գլխավոր տնօրենն է:

ՈւՀԱ-ն թողնելու իր որոշման մասին Ջանիբեկյանը երբեք չի փոշմանել. «Ես շնորհակալ եմ Աստծուն, որ այլևս բեմ չեմ դուրս գալիս: Ես կարծես հասունացա՝ հասկացա, որ պետք չէ դա անել: Հիմա չեմ պատկերացնում ինձ այլ տեղ, քան բիզնեսում...»,- ասվում է հոդվածում: