9 նոյեմբերի 2017 - 13:29 AMT
Ջիգարխանյանի կինը համաձայն է ապահարզանին՝ կողմերը հրաժարվել են հաշտվել

ԽՍՀՄ ժողովրդական դերասան և իր հիմնած թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան համաձայն է ապահարզանի՝ կողմերը հրաժարվել են հաշտվել: Այդ մասին հայտնել է Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆենովը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվայի Կունցևո շրջանի թիվ 202 դատական տեղամասը նոյեմբերի 27-ին կքննի Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանի հայցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօրվա դրությամբ նրանք հավանություն են տվել ապահարզանի մասին մեր դիմումին»,-ասել է փաստաբանը: Նա պարզաբանել է, որ դատարանն ըստ օրենքի առաջարկել է կողմերին հաշտվել, սակայն վերջիններս հրաժարվել են:

82-ամյա դերասանի և նրա երիտասարդ կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հարաբերությունների շուրջ հրապարակային սկանդալ ծագեց, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Նա հայտարարեց, որ չի կարող ներել իր կնոջը, որն իրեն շատ ցավ է պատճառել: Միաժամանակ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, ազատվեց աշխատանքից, հայտարարելով, որ բաժանվելու է, և փախավ ՌԴ-ից: Ոստիկանությունը 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանին թույլ չի տվել մտնել կնոջ վրա գրանցված բնակարան։

Ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես դիմել էր Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով պաշտպանել իրեն և թատրոնի դերասաններին խարդախ ու խաբեբա մարդկանցից, որոնք խանգարում են կոլեկտիվի բնականոն աշխատանքին: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մայրը հայտարարել է, որ իր դուստրը հեռացել է երկրից՝ հետապնդումից վախենալով: