9 նոյեմբերի 2017 - 14:09 AMT
Սիրիահայ ուսանողների վարձավճարի 60%-ը կփոխհատուցվի

ՀՀ կառավարությունը սիրիահայ ուսանողների վարձավճարի 60 տոկոսը փոխհատուցելու նպատակով սփյուռքի նախարարությանը 20 մլն դրամ է հատկացրել:

«ՀՀ կառավարությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հետ կփոխհատուցի սիրիահայ 302 ուսանողի ուսման վարձը», - նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ ներկայումս ուսման վարձի փոխհատուցման կարիք ունեցող 302 սիրիահայ ուսանողների ուսման վարձը կազմում է 194 մլն 198 հազար դրամ:

«Դրանցից 73 սիրիահայ ուսանողի վարձավճարի 60%-ը, որը կազմում է 20 մլն դրամ, առաջարկվում է վճարել ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ մնացած ուսանողների ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից հատկացված միջոցների հաշվին», - ընդգծել է նախարարը: