20 փետրվարի 2008 - 18:46 AMT
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ
2008 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզին, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Ջերմորեն եւ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Առաջին իսկ փուլում նշանակալի առավելությամբ Ձեր արձանագրած հաջողությունը վկայում է այն աջակցության մասին, որ Դուք վայելում եք Ձեր երկրում: Ես ողջունում եմ հայ ժողովրդի ընտրությունը, որն այս քվեարկությամբ վերահաստատեց Ձեր կառավարության կողմից իրականացվող քաղաքական բարեփոխումները շարունակելու եւ Եվրոպային մերձենալու կամքը:

Վստահ եղեք, որ Հարավային Կովկասում կայունության ու խաղաղության ամրապնդման հարցում կարող եք շարունակել հենվել Ֆրանսիայի հաստատակամ աջակցության վրա: Ֆրանսիան, որը Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի բարդ հակամարտության տեւական եւ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ:
Ֆրանսիայի ժողովրդի եւ անձամբ իմ անունից սրտանց եւ ջերմորեն հաջողություն եմ մաղթում Ձեզ, Հայաստանին եւ հայ ժողովրդին: Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը», հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: