10 նոյեմբերի 2017 - 17:16 AMT
Ղուլյան. Արցախում տարկետում չկա, բոլոր պաշտոնյաների որդիները ծառայում են

Գիտությունն ու անվտանգությունը չպետք է հակադրել՝ ստիպված ենք համադրել: Այդ մասին հայտարարել է Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին և դրա շուրջ ստեղծված աղմուկին՝ մասնավորապես, դասադուլներին:

Նա հավելել է, որ անվտանգությունը շատ կարևոր է, բայց մենք չպետք է բաց թողնենք նաև գիտությունը, հայտնում է Panorama.am-ը:

«Ես կարծում եմ, որ Հայաստանում անպայման կգտնեն այս հարցի ճիշտ լուծումը: Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա: Միայն առողջության հետ կապված հարցը կարող է երիտասարդին ազատել բանկից ծառայելու հանգամանքից: Անկախ նրանցից՝ երիտասարդները պետպատվերով են սովորում, թե մասնավոր բուհում, 18 տարեկանից գնում են բանակ»,- նշել է Ղուլյանը:

«Ես չեմ ցանկանում անձնական օրինակներ բերել, բայց բոլոր պաշտոնյաների որդիները՝ Հանրապետության նախագահի որդուց սկսած՝18 տարեկանը լրանալուց հետո ծառայում են: Այո ծառայում են»,- ասել է Արցախի խորհրդարանի նախագահը:

Նոյեմբերի 9-ին տարկետման իրավունքը վերացնող նոր օրենքի դեմ բողոքող ուսանողների հանդիպումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ մոտ երկու ժամ է տևել: Ուսանողները համաձայնության չեն եկել վարչապետի և նախարարների հետ: