10 նոյեմբերի 2017 - 19:01 AMT
Նալբանդյանը՝ իսրայելական TV-ին․ Սպառազինության առևտուրը բանջարեղենի առևտուր չէ

Սպառազինության առևտուրը բանջարեղենի առևտուր չէ, և նմանատիպ առևտուրը միշտ իր սև կողմն ունի:

Այս մասին է հայտարարել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իսրայելական Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով Իսրայելից ռազմական օգնության կամ ռազմական արտահանման մասին ու երկու երկրների միջև թեմայի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ հարցին։

2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն Արցախի դեմ կիրառեց Իսրայելի կողմից վաճառած կամիկաձե դրոնները: Այդպիսի դրոններից մեկով խոցվեց հայ կամավորականների ջոկատ տեղափոխող ավտոբուսը, զոհվեց 7 մարդ: Հայաստանն իր բողոքն էր արտահայտել Իսրայելին` Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու փաստի առնչությամբ։

Նալբանդյանը չի հայտնել այլ մանրամասներ, նշելով միայն, որ Իսրայելի հետ «բաց ու դրական» քննարկումներ է ակնկալում թեմայի շուրջ։

2017-ի ամռանը Իսրայելի Aeronautics Defense Systems ընկերության պատվիրակությունը բանակցում էր Բաքվի հետ մահապարտ ԱԹՍ-ների մատակարարման հարցի շուրջ, երբ ադրբեջանական կողմը զինվորականներին խնդրել է ցուցադրել դրա հնարավորություններն իրական մարտական պայմաններում` հայերի դիրքերի վրա: ADS-ի պատվիրակության ղեկավարությունը համաձայնվել էր և պահանջել նույնը դրոնների հրահանգիչներից, սակայն վերջիններս հրաժարվել էին կատարել պահանջները:

Իսրայելի ՊՆ-ն հետաքննություն էր սկսել՝ պարզելու, թե արդյոք անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունը Ադրբեջանի խնդրանքով հայկական դիրքերի վրա անօդաչու սարք է փորձարկել։

2007 թվականին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի մատակարարման պայմանագիր են կնքել: Բացի անօդաչուներից, Իսրայելը մատակարարում է Ադրբեջանին ռադարներ, հակատանկային հրթիռներ, ականանետեր, գիշերային տեսանելիության սարքեր, այլ ռազմական պարագաներ: