21 փետրվարի 2008 - 14:18 AMT
ԵՄ-ն հուսով է, որ Սերժ Սարգսյանի ընտրությամբ կակտիվանան ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը
Եվրամիությունը հուսով է, որ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրությամբ կակտիվանան ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Այդ մասին ասվում է ԵՄ ընդհանուր քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Խավյեր Սոլանայի հայտարարության մեջ:

«Հայաստանի նոր նախագահի ընտրությունը հնարավորություն է տալիս քայլեր ձեռնարկել հարեւանների հետ հարաբերությունները բարելավելու համար: Դա ներառում է ղարաբաղյան հակամարտության լուծմանը հասնելու ջանքերը: ԵՄ-ն այդ առումով սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին եւ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի հակամարտության կարգավորման գործընթացին»«-ասվում է Սոլանայի հայտարարության մեջ:

ԵՄ ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել Հայաստանի նախագահական ընտրություններին միջազգային դիտորդական առաքելության տված նախնական գնահատականի առնչությամբ, ըստ որի ընտրություններն ընդհանուր առմամբ համապատասխանել են ԵԱՀԿ չափանիշներին: Ընդ որում նա կոչ է արել իշխանություններին մանրակրկիտ կերպով քննել բոլոր գրանցված խախտումները:

Խավյեր Սոլանան ողջունել է նաեւ ընտրողների բարձր ակտիվությունը: «Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանի հետ համագործակցության հետագա ամրապնդմանը` Եվրոպական հարեւանության քաղաքականության հիման վրա»,-ընդգծվում է Սոլանայի հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: