2017 թվականի հունվար-հունիս ամիսներին Twitter-ից բովանդակության հեռացման պահանջների թվով Թուրքիան առաջին հորիզոնականն է զբաղեցրել աշխարհում:
Ընկերության զեկույցի համաձայն, երկրից ներկայացված պահանջների ընդհանուր թիվը կազմել է 2710, ինչն ամբողջ աշխարհից ներկայացված պահանջների գրեթե կեսն է: Ընդ որում, բողոքներից 1995-ը ներկայացվել է պետական և իրավապահ մարմինների կողմից: Նույն ժամանակահատվածում այս երկրում բողոքարկվել է 9289 թվիթերյան հաշիվ:
Համաձայն զեկույցի, 1213 հայտով երկրորդ տեղում Ռուսասատնն է, երրորդում՝ Ֆրանսիան՝ 1039 հայտով, և չորրորդում՝ Գերմանիան՝ 443 հայտով: Այս չորս երկրից միասին Twitter-ին ներկայացված բովանդակության հեռացման պահանջների թիվը կազմում է հայտերի ընդհանուր թվի մոտ 90%-ը:
Ընթացիկ տարում սոցիալական ցանցին նման պահանջ առաջին անգամ ներկայացվել է Ուկրաինայից, Ֆինլանդիայից և Լեհաստանից:
Թուրքիան հայտնի է սոցիալական ցանցերն արգելափակելու բազմաթիվ դեպքերով: Սոցիալական ցանցերն արգելափակելու մասին մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Վերջին անգամ՝ 2016-ի նոյեմբերին, երկրի իշխանություններն արգելափակվել էին Twitter-ը, Facebook-ը, WhatsApp-ը և YouTube-ը, իսկ Skype-ի և Instagram-ի հետ, անհայտ պատճառներով, տեխնիկական խնդիրներ էին առաջացել: Թուրքիայում գրաքննության մոնիտորինգի խումբը արգելափակումը կապում էր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամների ձերբակալությունների ու կուսակցության Անկարայի գրասենյակում իրականացվող խուզարկությունների հետ: