21 փետրվարի 2008 - 15:08 AMT
Թուրքիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որով կընդլայնվեն քրիստոնյաների սեփականության իրավունքները
Թուրքիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որով կընդլայնվեն քրիստոնյաների սեփականության իրավունքները, հաղորդում է «Ռոյթերսը»: Օրենքի ընդունմանն անհամբեր սպասում էին Եվրամիությունում, որին Թուրքիան հուսով է անդամակցել մոտ ապագայում:
Սակայն այս վիճակում օրենքը հազիվ թե գոհացնի ԵՄ-ին կամ քրիստոնյա փոքրամասնությանը, որին վերաբերում են հույները, հայերը եւ սիրիացիները, քանի որ այն չի նախատեսում պետության կողմից առգրավված եւ երրորդ անձանց վաճառված գույքի վերադարձ:
Իր հերթին Եվրամիությունը հիշեցրել է Թուրքիային, որ այդ կազմակերպությանն անդամակցելու կարեւորագույն պայմաններից մեկն է կրոնական ազատության եւ մարդու իրավունքների պահպանումը, բացի այդ, պահանջում է, որ ոչ մահմեդական կրոնական համայնքները իրավունքներ ստանան: Նրանք պետք է հնարավորություն ունենան ուսուցանել իրենց սպասավորներին: Կրոնական ազատության ոլորտում Թուրքիան չի կարող տարբերություն դնել երկրի քաղաքացիների եւ օտարերկրացիների միջեւ: Թուրքիան պետք է հանդուրժողականության մթնոլորտ ձեւավորի, ինչն անհրաժեշտ է կրոնական ազատության համար:
Ըստ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանկո Ֆարտտինիի, Թուրքիան հեռու է ԵՄ-ից: «Թուրքիայում բացակայում են խոսքի ազատությունը, կանանց եւ կալանավորների իրավունքները եւ քանի դեռ այդ հարցերը լուծված չեն, վաղաժամ է խոսել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին»,-ասել է Ֆրատտինին, գրում է Giornale di Vicenza թերթը: