13 նոյեմբերի 2017 - 16:46 AMT
$20.000՝ Մխիթարյանի մարզաշապիկին. Կանադահայերը կես միլիոն են հանգանակել «Հայաստան» հիմնադրամի համար

Կանադահայ համայնքն $530.000 է հավաքագրվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի կողմից կազմակերպված հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում: Ճաշկերույթի ընթացքում տեղի է ունեցել նաև աճուրդ։

Նոյեմբերի 12-ին Տորոնտո քաղաքում ավելի քան 400 կանադահայ մասնակցել են նվիրատվությանը։

Հայաստանի հավաքականի Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20.000 դոլարով։

Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը մանրամասնորեն ներկայացրել է իրականացված վերջին 12 ծրագիրը՝ նշելով, որ այս 25 տարիների ընթացքում ընդհանուրը 72 ծրագիր է կյանքի կոչվել տորոնտոհայերի հանգանակություններով։ Վերջին ձեռնարկներն են՝ դպրոցի կառուցում Ուխտասար համայնքում, շտապ օգնության մեքենայի նվիրաբերում և ջրամատակարարման ապահովում Դադիվանք համայնքին, չորս բնակելի տան կառուցում Ճարտարում, Ուխտաձորում, Կուսապատում, Լուսաձորում, սանհանգույցների կառուցում Շուշիի, Ամարասի և Դադիվանքի վանական համալիրներին կից, Կյանքի կենտրոնի կառուցում Խնձորիստան համայնքում և բացօթյա մարզահրապարակի կառուցում Նալբանդյան համայնքի դպրոցի համար, որը վերանորոգվել և մասնակիորեն վերակառուցվել է տորոնտոհայ բարերարներ Պերճուհի և Արմեն Նալպանտեանների հովանավորությամբ 2016 թվականին։

Ներկայացվել են նաև ընթացիկ ձեռնարկներն ու 2018 թվականի «Ջուրը կյանք է» խորագրով ծրագիրը՝ ոռոգման ջրի ապահովումը գյուղական համայնքներին։ Կարևորագույն այս ծրագիրը ներառում է խորքային հորերի հորատում, էլեկտրական պոմպակայանի և ջրատարների կառուցում, որոնց միջոցով հնարավոր կլինի ոռոգման ջուրը հասցնել բազմազավակ ընտանիքների տնամերձ հողակտորներ՝ մշակելի դարձնելով դրանք, հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Միջոցառումը նվիրված է եղել Կանադայի 150 և Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի 25-ամյակին։ Խոսքով հանդես են եկել նաև Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանը, որը կարևորել է Հիմնադրամի դերն անկախ Հայաստանի և Արցախի զարգացման գործում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին ընդառաջ Հիմնադրամի տեղական մարմինները տարբեր երկրներում կազմակերպում են նմանօրինակ միջոցառումներ՝ գումար հավաքագրելու համար։ Կանադահայերի հավաքագրած 530 հազար ԱՄՆ դոլարը նվիրաբերվելու է նոյեմբերի 23-ին կայանալիք Հեռուստամարաթոնին։ «Բերքառատ Արցախ» խորագիրը կրող Մարաթոնի թեման Արցախի ոռոգման համակարգի կառուցումն է և արևային էներգետիկ կայանների տեղադրումը։