14 նոյեմբերի 2017 - 11:54 AMT
Ժիտոմիրում Այվազովսկու՝ Հայաստանին նվիրված քիչ հայտնի գործեր կցուցադրվեն

Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում կբացվի հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը:

Ինչպես հայտնել է Ժիտոմիրի հայ համայնքի գործադիր տնօրեն Վահե Պետրոսյանը, բացումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, Ժիտոմիրի շրջանային Օլժիչի անվան ունիվերսալ գիտական գրադարանում:

Այցելուների ուշադրությանը կներկայացվեն Այվազովսկու ոչ այնքան հայտնի աշխատանքները՝ նվիրված Հայաստանին և Ուկրաինային, ինչպես նաև կրոնական բնույթի կտավներ, սրբապատկերներ, գրում է AnalitikaUA.net-ը:

Առաջին անգամ կցուցադրվեն նաև եզակի արխիվային նյութերի պատճենները, որտեղ պատկերված է նկարչի ընտանիքը, նրա կյանքի առանձին դրվագներ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 30-ը:

Ավելի վաղ Կիևում նույնպես բացվել էր Այվազովսկու գործերի ցուցահանդեսը՝ նվիրված նրա ծննդյան 200-ամյակին: