14 նոյեմբերի 2017 - 13:29 AMT
Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 7,2%-ով

2017 թվականի առաջին 10 ամիսներին Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 7,2%-ով: Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտնում է երկրի պետական վիճակագրական ծառայությունը:

Ծառայության տվյալների համաձայն՝ 2,6%-ով նվազել են նաև շուկա արտահանվող գազի ծավալները, 0,9%-ով՝ նավթի թափոնների մշակման ծավալներ:

Համաձայն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կանխատեսումների՝ 2017-ին Ադրբեջանի տնտեսությունում գրանցված հետընթացը կկազմի 1,3%, նախկին 1,1%-ի փոխարեն: Բանկի հրապարակման մեջ ասվում է, որ նվազում է գրանցվել արդյունաբերության մեջ՝ 5,8%, և նավթարդյունաբերման ոլորտում՝ 9%, ինչն առիթ կհանդիսանա Ադրբեջանի ՀՆԱ-ն վերանայելու համար:

Միջին տարեկան գնաճն Ադրբեջանում, ըստ բանկի կանխատեսումների, 2017-ի ավարտին կկազմի 14%, թեև նախորդ զեկույցում ակնկալվում էր 9%: Բանկը 2018-ի համար 10% գնաճ է կանխատեսել, թեև նախկինում՝ 8% էր: