15 նոյեմբերի 2017 - 17:53 AMT
Ադրբեջանը բողոքել է «Մանկական Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանի արցախցի ներկայացուցչի պատճառով

Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը բողոքի նամակ է գրել «Եվրոպական հեռարձակողների միության» գլխավոր տնօրեն Նոել Քարանին, որտեղ դժգոհություն է հայտնել այս տարի Վրաստանում կայանալիք «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող արցախցի Միքայել Գրիգորյանի մասնակցության առթիվ:

Trend.az-ի փոխանցմամբ, ըստ հեռուստաընկերության ղեկավարների, «օկուպացված տարածքներից» Հայաստանի մասնակցի ընտրությունը «քաղաքական սադրանք» է, որը մտահոգություն է առաջացրել Ադրբեջանում։

Նամակում ադրբեջանական հեռուստաընկերությունը հույս է հայտնում, որ «Եվրոպական հեռարձակողների միությունը» զերծ կմնա «քաղաքական խաղերից» և կդիտարկի Ադրբեջանի համար այս «զգայուն հարցը»:

2010 թվականին Ադրբեջանում ընդհատվեց «Եվրատեսիլ» մանկական երգի միջազգային մրցույթի հեռարձակումն այն բանից հետո, երբ Հայաստանի ներկայացուցիչ՝ արմատներով Ղարաբաղից Վլադիմիր Արզումանյանը հաղթեց մրցույթում: Ադրբեջանը չհեռարձակեց նաև հաջորդ տարի Հայաստանում անցկացված երգի մրցույթը: