21 փետրվարի 2008 - 20:05 AMT
Հայաստանի պաշտպանության փոխնախարարը միացել է ընդդիմությա՞նը
Պաշտպանության փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանը եւ նրա տեղակալ Գագիկ Մելքոնյանը միացել են ընդդիմությանը: Այդ մասին Երեւանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանի խոսքերով, երեկ նա անձամբ հանդիպել է փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ:

«Ներկա պահին բանակցություններ են ընթանում գլխավոր շտաբի ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, ով ներկայացնում է ներկա հայկական իշխանությունները: Վստահ եմ, որ բանակի հրամանատարությունը կսատարի Գրիգորյանին եւ Մելքոնյանին, եւ կմիանա նրանց»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Ինչպես նշել է նախկին նախագահը, Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը հայտարարել են, որ հանդիսանում են ժողովրդի անվտանգության երաշխավորը, կանգնած են ի պաշտպանություն նրա շահերի եւ թույլ չեն տա, որպեսզի բանակը խառնվի քաղաքականությանը եւ օգտագործվի ժողովրդի դեմ:

Ինչպես հայտարարել է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, «նա չի կարող մեկնաբանել ամեն հիմարություն»: «Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին հայտարարություններ անելու համար նշված անձինք պետք է հրաժարական տան: Տվյալ պահին ես նրանց հրաժարականների մասին տեղեկատվություն չունեմ»,- ասել է Շահսուվարյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: