2018-ին ուժգին երկրաշարժերի թիվը կարող է կտրուկ աճել իր առանցքի շուրջ Երկիր մոլորակի պտույտի արագության նվազման պատճառով:
Իր առանցքի շուրջ Երկիր մոլորակի պտույտի արագությունը սեյսմիկ ակտիվության հետ կապելու վերաբերյալ հիպոթեզն առաջ են քաշել Ռոջեր Բիլհեմը Կոլորադոյի համալսարանից և Ռեբեկկա Բենդիկը Մոնտանայի համալսարանից: Նրանց զեկույցը ներկայացվել է ԱՄՆ երկրաբանական ընկերակցության նիստում, գրում է Meduza-ն The Guardian-ի վրա հղումով;
Գիտնականները վերլուծել են 7 և ավելի մագնիտուդով երկրաշարժերի մասին տվյալները 1900թ. ի վեր: Նրանք 5 շրջան են առանձնացրել, երբ հզոր երկրաշարժերի քանակը կտրուկ աճել է՝ հասնելով տարեկան 25-30, մինչդեռ միջին տարեկան ցուցանիշը մոտ 15 հզոր երկրաշարժ է:
Սեյսմիկ ակտիվության շրջանները սկսվել են իր առանցքի շուրջ Երկրի պտույտի արագության առավելագույն նվազումից մոտ 5 տարի անց:
Վերջին այդպիսի դանդաղումից անցել է 4,5 տարի, ուստի, ըստ հիպոթեզի, 2018-ին սպասվում են մի շարք հզոր երկրաշարժեր:
Եթե 2017-ին գրանցվել է 6 հզոր երկրաշարժ, ապա 2018-ին դրանց թիվը կարող է հասնել 20-ի, ասել է Բիլհեմը BBC Inside Science ծրագրում: