ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր ArCa SecurePay համակարգը։
Այսուհետ ArCa SecurePay ակտիվացրած կայքերում ԱրՔա տեսակի քարտերով ինտերնետային գործարքները կիրականացվեն անվտանգության լրացուցիչ հավաստագրման միջոցով: Ընդ որում, ծառայությունն այս պահին հասանելի է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ կողմից թողարկված բոլոր տեսակի ԱրՔա քարտերի համար` բացառությամբ ԱՐՔԱ-ՄԻՐ քարտերի, որոնց համար ծառայությունը կակտիվացվի մեկ ամսվա ընթացքում:
Ինտերնետային վճարումներ իրականացնելիս գործարքների հաստատումները կատարվելու են մեկանգամյա գաղտնաբառերի մուտքագրմամբ, որոնք գործարքի իրականացման ժամանակ գեներացվելու և SMS հաղորդագրության միջոցով ուղարկվելու են քարտապանի՝ Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին։
Ավարտվել են նաև գործընկեր ինտերնետային առևտրի կետերում ArCa SecurePay համակարգով ԱրՔա քարտերի սպասարկման համար անհրաժեշտ աշխատանքները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
ArCa SecurePay ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարելի է զանգահարել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ քարտապանների շուրջօրյա սպասարկման կենտրոն՝ 010 318899 հեռախոսահամարով: