22 նոյեմբերի 2017 - 12:24 AMT
Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքար է կանգնեցվել

Նոյեմբերի 18-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում հայ համայնքի նախաձեռնությամբ տեղադրվեց խաչքար` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Խաչքարն օծվել է Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի առաջնորդական փոխանորդ Սերովբե վարդապետ Իսախանյանի ձեռամբ:

Խաչքարի օծումից հետո բազմաթիվ ներկաները մեկնել են Քյոլնի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցի` հիշատակի միջոցառմանը մասնակցելու նպատակով:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Քյոլնի հայ համայնքի ղեկավար Մինու Նիկբայը: Ողջույնի խոսքով հանդես է եկել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը, Քյոլնի քաղաքապետի տեղակալ Էլֆի Շո-Անդվերպեսը, Քյոլնի ՔԴՄ խմբակցության ղեկավար Բեռնդ Պետելքաուն և Հյուսիսային Հռենոս և Վեստֆալիա երկրամասի պատգամավոր Բերիվան Այմազը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ելույթ ունեցողները կարևորել են խաչքարի տեղադրումը և նշել, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը Գերմանիայի հիշողության քաղաքականության մաս է:

Խաչքարը կանգնեցվել է Պետերբուրգից հայ բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով: