Կենտրոնական բանկը ստացել է նոր թղթադրամների 17 էսքիզային առաջարկ ու գնահատել դրանքգեղարվեստական ձևավորման, գաղափարական մոտեցման և տպագրության տեխնիկական չափորոշիչներին համապատասխանելու տեսանկյունից։
Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտարարել է ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը՝մեկնաբանելով շրջանառության մեջ դրվելիք նոր թղթադրամների էսքիզներն ու դրանց շուրջ ծագած աղմուկը։
«Առաջին հայացքից պատկերները, դետալները ակնհայտ են, սակայն էսքիզները, որոնք մենք հրապարակել ենք, դեռևս պետք է ենթարկվեն խորը մասնագիտական մշակման: Տպագրությունից հետո դրանց վերջնական տեսքը տարբեր է լինելու՝ ֆոնային լուծումներ են տրվելու, պատկերների չափերն ու երանգներն են փոխվելու, պաշտպանիչ հատկանիշներ են ավելանալու», - ասաց Դավիթ Նահապետյանը:
Նահապետյանը 500 դրամ անվանական արժեքով կոլեկցիոն թղթադրամի էսքիզի օրինակով ցույց տվեց թղթադրամի տարբերությունը՝ տպագրությունից առաջ և հետո:
500-դրամանոցի էսքիզը՝ տպագրությունից առաջ
Տպագրված 500 դրամանոցի նմուշը
Երրորդ սերնդի թղթադրամների էսքիզներն ընտրել է ԿԲ դրամագիտական արժեքների և դրամանիշների էսքիզների գնահատման գեղարվեստական կոմիտեն: Ընտրվել է լավագույն 3 առաջարկը, որոնք ԿԲ-ի մասնագետները մշակել են՝ վերջում ստանալով մեկ ընդհանուր շարք:
Անդրադառնալով մրցույթից դուրս մնացած նախագծերին, որոնք այս օրերին շրջանառավում են սոցիալական ցանցերում՝ Նահապետյանը հայտնեց, որ առաջին հայացքից դրանք գեղարվեստականորեն կարող են ընդունելի լինել, սակայն միայն մասնագետը կարող է հասկանալ՝ տեխնիկապես հնարավո՞ր է տպագրել այդ էսքիզները, թե՝ ոչ:
Նահապետյանի խոսքով՝ նոր թղթադրամների գաղափարական մոտեցման շուրջ ԿԲ-ն խորհրդակցել է Գրողների միության, Հայ Առաքելական եկեղեցու հետ:
«ԿԲ-ն նպատակ չի ունեցել համեմատության մեջ դնել մեր մեծերին: Չեն փոփոխվում միայն այն երկրների թղթադրամները, որոնց վրա պատկերված են այդ երկրի թագավորները, արքաները, պետական գործիչները, ինչպես օրինակ՝ դոլարի վրա ԱՄՆ-ի նախագահների պատկերներն են, թուրքական լիրայի վրա Աթաթուրքի պատկերն է: Եթե խոսքն արվեստի, մշակույթի, գիտության երևելիների մասին է, ապա այդ թղթադրամները փոխվում են միջինում 10-12 տարին մեկ», - ասաց նա:
Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2018 թվականից։