25 նոյեմբերի 2017 - 16:25 AMT
ԿԱՐԾԻՔ
$230-ոց փորձ կամ Black Friday-ի հետևանքները. Ինչպես հարստացրի անհայտ չինացիների

Հայկական խանութներում հաճախ որակյալ ապրանք չես գտնի, գներն էլ էապես տարբերվում են արտասահմանյանից, դե իսկ գին/որակ հարաբերակցության մասին էլ չեմ խոսում, ուստի տարիներ շարունակ օգտվում եմ հայտնի օնլայն առևտրի հարթակներից՝ Amazon-ից մինչև eBay, նույնիսկ՝AliExpress, լավ նոութբուք եմ գնել BestBuy-ից, պարբերաբար՝ մարզական կոշիկներ Nike-ից և այլն: Առցանց գնումների մոտ 10 տարվա փորձ ունեմ, որն իր մեջ ներառում է թե՛ հաջող ապրանք, թե՛ ուշացումով եկած, թե՛ չինացի վաճառողների հետ վեճեր, թե՛ ճանապարհին կորած ապրանքի դիմաց վերադարձված գումար: Այսքան տարիների ընթացքում երբեք փող չեմ կորցրել, բայց, ինչպես ասում են, ամեն ինչ լինում է առաջին անգամ:

Այս «սև ուրբաթն» ինձ համար իսկապես սև դարձավ: Հաշվի առնելով, որ ՀՀ-ում զեղչերն ավելի շուտ ձևական բնույթ են կրում, չէի պլանավորում գնալ քաղաքի մոլերից մեկը նախապես թանկացված և ձևականորեն 10 տոկոսով էժանացված ապրանք գնելու և ավելորդ հրմշտոցի մեջ ընկնելու, ուստի սովորականի պես նստած էի համակարգչի առջև, երբ աչքովս ֆեյսբուքյան գովազդ ընկավ՝ ինչ-որ բրիտանական enkitchenshop.com կայքն առաջարկում էր շատ լավ զեղչերով խոհանոցային պարագաներ՝ կաթսաներից մինչև միկրոալիքային վառարաններ: Դե ո՞ր կնոջ ոտքերը չեն թուլանա զեղչված կաթսաներից: Մտա, ուսումնասիրեցի կայքը, նոր չէր, մի քանի տարվա կայք էր, ողջ աշխարհով առաքում ունեին, կանոնների բաժնում ամեն ինչ մանրամասն գրված էր՝ ինչպես գնել, ինչպես վճարել, ինչ իրավունքներ կան վերադարձի և փոխանակման, քանի օրում կառաքեն և այլն: Ոչ այնքան մանրակրկիտ ուսումնասիրությունս ցույց տվեց, որ կայքը վստահելի է, 80 տոկոս զեղչը, կարծես, քնեցրել էր ուղեղիս ռացիոնալ կիսագունդը:

Գրանցվեցի կայքում, ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ, ընտրեցի փոքրիկ վառարան ինձ համար և 2 հավաքածու ամանեղեն, որից մեկը պետք է դառնար մայրիկիս ամանորյա նվերը: Ընտրված ապրանքի ընդհանուր արժեքը կազմեց մոտ 95 դոլար, վճարեցի բանկային քարտով, որի վրա կար մոտ 500 դոլար և սկսվե՜ց. բանկից վրա-վրա 2 sms եկավ, որ ինչ-որ անհայտ ծագման չինական կայքերի հաշվին փոխանցել եմ 110 և 120 դոլար: Ուղեղիս ռացիոնալ կիսագունդը զարթնեց, հասկացա հիմարությանս մասշտաբները, փորձեցի արագ չեղարկել գործարքը, ոչինչ չստացվեց. չեղարկման կոճակը կայքում բացակայում էր, նամակ գրել չէր լինում՝ վերադառնում էին: Արագ զանգահարեցի բանկ, այնտեղից հայտնեցին, որ 2 գործարք է կատարվել չինական յուանով անհայտ ծագման կայքերի օգտին, արագ արգելափակեցի քարտս, որ մնացած 270 դոլարն էլ չտանի:

Մտահոգիչ էր նաև այն հանգամանքը, որ բանկից չէին զանգահարել գործարքը հաստատելուց առաջ, սովորաբար զանգահարում են, բայց այս անգամ ասացին, որ գործարքը «կասկածելի չի թվացել», ինչ-որ անհասկանալի անվանումներով չինական 2 կայքի օգտին 1 րոպեում արված գործարքները կասկածելի չեն թվացել, մինչդեռ մի քանի անգամ ՀՀ-ում արված ավելի մանր գնումների դեպքում զանգահարել են հաստատումից առաջ:

Ինչևէ, գումարն արդեն կորցրել էի: Մասնագետներից տեղեկացա, որ այդ բրիտանական կայքն իրոք նորմալ կայք է եղել, բայց վաղուց չգործող, և Black Friday-ից առաջ այն ուղղակի հաքերային հարձակման է ենթարկվել, ինչ-որ չինացիներ են կոտրել, և այդ կայքից արված բոլոր գնումների վճարները փոխանցվում էին այլ՝ հատուկ այդ նպատակով նոր ստեղծված չինական կայքերի հաշիվներին: Բանկում դիմում գրեցի, սպասում եմ. ասել են, որ մինչև 40 օր կարող է տևել, և չկա որևէ երաշխիք, որ գումարս կվերադարձնեն: Նաև պետք է դիմեմ ՀՀ Ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժին, խոստացան զբաղվել գործով, տեսնենք՝ ինչ կստացվի:

Դե իսկ այս «սև ուրբաթից» ինձ մնաց լավ փորձ, կաթսաների հանդեպ արդեն արմատացած ատելություն և այս 230 դոլար արժողությամբ պատմությունը:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net