27 նոյեմբերի 2017 - 13:18 AMT
Իսրայելցի օրենսդիրը քննադատել է երկրի՝ Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությունը

Իսրայելի Քնեսեթի անդամ Թամար Զանդբերգը քննատադել է երկրի՝ զենքի արտահանման քաղաքականությունը, մասնավորեպես Ադրբեջանին ռազմական տեխնիկայի մատակարարումը: CTech գործակալության փոխանցմամբ, իր ֆեյսբուքյան էջում հրապարակած գրառման մեջ իսրայելցի օրենսդիրը անդրադարձել է Aeronautics Defense Systems ընկերության՝ 2017-ի ամռանը Ադրբեջանի խնդրանքով հայկական դիրքերի վրա անօդաչու թռչող սարքի փորձարկման դեպքին:

Թամար Զանդբերգը պահանջել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգադոր Լիբերմանից կասեցնել ընկերության՝ Ադրբեջանին մահացու ԱԹՍ-ների վաճառքի լիցիենզիան: Նա գրել է նաև, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքի համաձայն՝ ադրբեջական AZAD Systems գործարանը կարող է արտադրել Aeronautics ընկերության Orbiter 2, Killer1 ԱԹՍ-ների դետալներ:

Սա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է արտադրել ընկերության ԱԹՍ-ները, նույնիսկ եթե դրանց մատակարարման լիզենցիան կասեցվի, նկատում է իսրայելցի օրենսդիրը:

Նոյեմբերին Իսրայելում քրեական գործ է հարուցվել Aeronautics Defense Systems ընկերության դեմ՝ 2017-ի ամռանը Ադրբեջանի խնդրանքով հայկական դիրքերի վրա անօդաչու թռչող սարքի փորձարկման մեղադրանքով: Զենքի վաճառքի կասեցման որոշումը եղել է այն բանից հետո, երբ ադրբեջանցիների խնդրանքով ընկերությունը փորձարկել է Orbiter 1K մոդելի ԱԹՍ-ն հայկական դիրքերի վրա` Լեռնային Ղարաբաղում: «Գեներալ Արմեն Գյոզալյանի փոխանցմամբ, հուլիսի 7-ին փորձարկման արդյունքում երկու հայ զինվոր էր վիրավորվել»,-գրում էին իսրայելակամ ԶԼՄ-ները:

Aeronautics-ի տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ ընկերությունը $20 մլն-ի պայմանագիր ունի Ադրբեջանի հետ: 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն Արցախի դեմ կիրառեց Իսրայելի կողմից վաճառած կամիկաձե դրոնները: Այդպիսի դրոններից մեկով խոցվեց հայ կամավորականների ջոկատ տեղափոխող ավտոբուսը, զոհվեց 7 մարդ: Հայաստանն իր բողոքն էր արտահայտել Իսրայելին` Ադրբեջանին զենք-զինամթերք վաճառելու փաստի առնչությամբ։