27 նոյեմբերի 2017 - 15:58 AMT
Ջիգարխանյանը պաշտոնապես բաժանվել է կնոջից

ԽՍՀՄ ժողովրդական դերասան և իր անվան Մոսկվայի դրամատիկական թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը և նրա կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան պաշտոնապես բաժանվել են: Դատարանը բավարարել է ապահարզանի վերաբերյալ հայցը:

Ըստ ռեժիսորի փաստաբան Եվգենի Պարֆենովի, Ջիգարխանյանի կինը չի առարկել ապահարզանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

82-ամյա դերասանի և նրա երիտասարդ կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հարաբերությունների շուրջ հրապարակային սկանդալ ծագեց, երբ հոկտեմբերի 10-ին Ջիգարխանյանը հայտնվեց հիվանդանոցում: Նա հայտարարեց, որ չի կարող ներել իր կնոջը, որն իրեն շատ ցավ է պատճառել: Միաժամանակ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը զբաղեցնում էր Ջիգարխանյանի թատրոնի տնօրենի պաշտոնը, ազատվեց աշխատանքից, հայտարարելով, որ բաժանվելու է, և փախավ ՌԴ-ից: Ոստիկանությունը 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանին թույլ չի տվել մտնել կնոջ վրա գրանցված բնակարան։

Ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը պաշտոնապես դիմել էր Մոսկվայի մշակույթի դեպարտամենտ՝ խնդրելով պաշտպանել իրեն և թատրոնի դերասաններին խարդախ ու խաբեբա մարդկանցից, որոնք խանգարում են կոլեկտիվի բնականոն աշխատանքին: Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի մայրը հայտարարել է, որ իր դուստրը հեռացել է երկրից՝ հետապնդումից վախենալով: