27 նոյեմբերի 2017 - 17:15 AMT
Սվիտալսկի. ԵՄ-ն պատրաստ է շատ հստակ աջակցել ԼՂ հարցում վստահության կառուցման գործընթացին

Հայաստան-ԵՄ համաձայնագիրը պարունակում է հստակ հայտարարություն ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա համաձայնագրի ստորագրման հնարավոր ազդեցության մասին:

Նրա խոսքով՝ եվրոպական դիրքորոշումը հստակ է. ԵՄ-ն ամբողջապես արտահայտվում է ի նպաստ խաղաղ կարգավորման, սատարում կամ կողմնակից է Մինսկի խմբի և համանախագահների աշխատանքներին, պատրաստ է նպաստել՝ շատ հստակ աջակցություն տրամադրելով վստահության կառուցման գործընթացին, ինչպես նաև հետհակամարտության շրջանի վերականգնողական գործողություններին, հայտնում է Panorama.am-ը:

«Մենք հավատում ենք այս հակամարտության խաղաղ կարգավորմանը, դա կարևոր է Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի զարգացման համար, բացի այդ, Եվրոպական հարևանության կայունության իմաստով: Այն ձևակերպումները, որ կան համաձայնագրում, կարծում եմ, արտացոլում են ԵՄ և Հայաստանի միջև ընդհանուր հայտարարի շատ բարձր մակարդակը»,- ասել է նա:

Սվիտալսկին հայտարարել է նաև, որ Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը նոր դռներ է բացում, համաձայնագիրը նոր որակ կբերի ՀՀ-ԵՄ հարաբերություններին:Համաձայնագրով Հայաստանը բազմաթիվ պարտավորությունն է ստանձնում՝ կոռուպցիայի դեմ պայքար, դատաիրավական ոլորտի բարեփոխումներ, ազատ մրցակցային հարաբերություններ բիզնեսի համար:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիությաւն միջև նոյեմբերի 24-ին ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը: Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ կդրվի: