27 նոյեմբերի 2017 - 17:58 AMT
Ամերիաբանկի թիմը հաղթել է առցանց համաշխարհային մրցույթում

Ամերիաբանկի թիմը հաղթող է ճանաչվել բանկերի միջև անցկացվող ակտիվների և պարտավորությունների կառավարման առցանց համաշխարհային 8-րդ մրցույթում (virtual Banking): Եզրափակիչ փուլը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին Հաագայում:

Մրցույթը վերաբերում էր բանկերում ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև ռիսկերի արդյունավետ կառավարման խնդիրներին և նպատակ ուներ նպաստել ֆինանսաբանկային ոլորտի գիտելիքների զարգացմանն ու պրոֆեսիոնալմակարդակի բարձրացմանը, այլընտրանքային և նորարարական գիտելիքների փոխանցմանը, միջազգային փորձի փոխանակմանը, բանկերում ռիսկերի կառավարման ուժեղացմանն ու զարգացմանը:

Մրցույթը կազմակերպվել էր FMO-ի` Նիդերլանդների միջազգային զարգացման բանկի, DEG-ի` KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամի, PROPARCO ֆինանսների զարգացման ֆրանսիական գործակալության և SimArch Group-ի կողմից:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել FMO-ի գլխամասային գրասենյակում: Երկրորդ մրցանակին արժանացավ Supervielle (Արգենտինա) ընկերության թիմը, երրորդ մրցանակին` Ficohsa (Հոնդուրաս)-ի թիմը, չորրորդ հորիզոնականը զբաղեցրեց Bancop SA (Պարագվայ)-ի թիմը:

Ի սկզբանե մրցույթին մասնակցել է 30 բանկ Աֆրիկա, Ասիա, Լատինական Ամերիկա, Եվրոպա/Կենտրոնական Ասիա տարածաշրջաններից: