28 նոյեմբերի 2017 - 12:06 AMT
Ադրբեջանը չի ընդունել ՌԴ նոր դեսպանի թեկնածությունը «հայամետ դիրքորոշման» համար

Բաքուն համաձայնություն չի տվել Ռուսաստանի ԱԳՆ-ին Ադրբեջանում ՌԴ դեսպանի պաշտոնում Գեորգի Զուևի թեկնածության վերաբերյալ: Պատճառը Զուևի «հայամետ դիրքորոշումն է»:

Ըստ դիվանագիտական հարաբերությունների կանոնների, դեսպանի նշանակումից առաջ ընդունող կողմը պետք է իր համաձայնությունը տա՝ ագրեմանը: Ադրբեջանը հրաժարվել է նման ագրեման տալ Գեորգի Զուևին, հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրների վրա հղումով:

Զուևի թեկնածությունն արդեն հաստատվել էր ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեում: Զուևը փորձառու դիվանագետ է, զբաղեցնում է ՌԴ ԱԳՆ կադրերի դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը:

Նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին: