28 նոյեմբերի 2017 - 16:46 AMT
ՌԴ-ում Tax Free համակարգ կգործի. ՀՀ քաղաքացիների վրա այն չի տարածվի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել Ռուսաստանում օտարերկրացիների համար ԱԱՀ փոխհատուցման համակարգի ներդրման վերաբերյալ: Tax Free-ն կգործի երկրի քաղաքացի չհանդիսացող անձանց համար ՌԴ-ում գնված ապրանքներն արտահանելիս, սակայն ՀՀ քաղաքացիները չեն կարողանա օգտվել դրանից:

Փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական ինտերնետ պորտալում: Համապատասխան հոդվածը ներառվել է Հարկային օրենսգրքում:

Ինչպես նշվում է փաստաթղթում, նորմն ուժի մեջ կմտնի հրապարակումից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 27-ին: Սակայն ամբողջապես համակարգը կգործի 2018-ի հունվարի 1-ից:

Ըստ օրենքի, Tax free-ի համակարգից կօգտվեն այն երկրների քաղաքացիները, որոնք ԵՏՄ անդամ չեն: Ուստի, օրենքը չի տարածվում ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիների վրա: Նրանք կարող են փոխհատուցում ստանալ, որը հավասար կլինի ԱԱՀ 18 տոկոսին, քանի որ հանվում է Tax free-ի օպերատորի միջնորդավճարը: Ընդ որում, գնման գումարը պետք է առնվազն 10.000 ռուբլի լինի հարկերի հետ միասին:

Փոխհատուցում ստանալու համար հարկ կլինի գնում կատաելիս ստանալ tax free անդորրագիրը և ներկայացնել հարկային մարմնին: Փոխատուցում հնարավոր կլինի ստանալ 2 եղանակով՝ օպերատորի միջոցով, կամ ուղղակի խանութի, որը միացել է այդ համակարգին: