28 նոյեմբերի 2017 - 12:36 AMT
Զարիֆ. Էներգետիկ ու տարանցման ոլորտը Իրան-ՀՀ գործակցության կարևորագույն կետերն են

Հայ-իրանական քաղաքական և տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո:

Զարիֆն ընդգծել է, որ «Էներգետիկ ու տարանցման ոլորտը համագործակցության կարևորագույն կետերն են», հայտնում է Aysor.am-ը:

«Լավ հնարավորություններ են ընձեռված զարգացնելու երկու երկրների տնտեսական հարաբերությունները: Երևանյան այս այցի ընթացքում, ինձ ուղեկցում են տնտեսական ոլորտի ներկայացուցիչներ ու գործարարներ», - ասել է Մոհամմադ Զարիֆը:

Մոհամմադ Զարիֆը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանն ու հայ ժողովրդին՝ Իրանում տեղի ունեցած երկրաշարժի օրերին հղած ցավակցությունների համար: