29 նոյեմբերի 2017 - 12:34 AMT
Քրիս Քորնելը նոմինացվել է «Գրեմմիի» «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի կատարման համար

Soundgarden հայտնի ռոք խմբի երգիչ Քրիս Քորնելը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմի սաունդթրեքի համար առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում:

Ամերիկացի հայտնի ռոք երգիչը ինքնասպանություն էր գործել 2017-ի մայսին՝ Դեթրոյթում կայացած համերգից անմիջապես հետո: Նրան հայտնաբերել էր թիկնապահը հյուրանոցի լոգասենյակում:

Անվանակարգում առաջադրված են նաև Լեոնարդ Քոհենի You Want It Darker, Կալեոյի No Good, ինչպես նաև Foo Fighters և Nothing More խմբերի Run և Go To War կատարումները:

Ավելի վաղ հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը մրցանակ էր ստացել Լոս Անջելեսի Human Rights Watch-ի դրամահավաք-երեկոյի ընթացքում: Մրցանակը նվիրվել է ֆիլմի երաժշտության հեղինակ Քրիս Քորնելիի հիշատակին: Երեկոյի ընթացքում ֆիլմը և երաժշտությունը ճանաչվել են որպես հավասարության, մարդու իրավունքների և արդարության գաղափարների տարածման ինքնատիպ և ազդեցիկ աշխատանքներ: Ֆիլմի համանուն սաունդթրեքը կատարել էին One Republic հայտնի խմբի անդամներ Ռայան Թեդերը և Դրյու Բրոունը:

«Խոստումը» ֆիլմ նկարահանել է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորել է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի համար: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել էր, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել էր նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանումն ու ցեղասպանությունը ֆիլմում ներկայացված է երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանի աչքերով։ Ցեղասպանության ֆոնին է ծավալվում նաև Միքայելի և նկարչուհի Աննայի սիրո պատմությունը։